Օրվա ամփոփում հուլիսի 13-ի համար

Գլխավոր նորություններ

8 շաբաթ անընդմեջ արտահոսքից հետո spot Bitcoin ETF-ները կրկին գրանցել են ներհոսք․ մեկ շաբաթվա ընթացքում ֆոնդեր է մուտքագրվել 197 միլիոն դոլար։

Ռուսաստանի թվային ռուբլին (CBDC), ըստ գնահատականների, կարող է երկրի տնտեսությանը տարեկան բերել 423 միլիարդ ռուբլու օգուտ, որի հիմնական շահառուն կլինի բիզնեսը։

Anthropic ընկերությունը փորձել է անվճար սակագնով օգտատիրոջից գանձել 16.6 միլիոն դոլար, չնայած API-ի օգտագործումը եղել է զրոյական։ Գործարքը չի իրականացվել միայն քարտի սահմանաչափի շնորհիվ, իսկ նմանատիպ բողոքներ արդեն հայտնել են նաև այլ օգտատերեր։

Բոլիվիան քննարկում է USDT-ի ինտեգրումը երկրի ազգային վճարային համակարգում։

Վիտալիկ Բուտերինը կարծում է, որ արհեստական բանականության շուրջ բանավեճը կախված է երկու հնարավոր սցենարից․ եթե գերբանականությունը (superintelligence) ի հայտ գա արդեն առաջիկա տասնամյակներում, ապա ԱԲ-ի զարգացումը պետք է դանդաղեցնել։ Իսկ եթե այն պարզապես հերթական տեխնոլոգիական առաջընթացն է, ապա սահմանափակումները միայն կուժեղացնեն խոշոր ընկերությունների և պետությունների դիրքերը։

Թաիլանդը խստացնում է կրիպտոակտիվների նկատմամբ վերահսկողությունը։ 2026 թվականի չորրորդ եռամսյակից սկսած՝ կայունարժույթներով (հատկապես USDT-ով) գործարքները կանցնեն խիստ վերահսկողության ներքո, իսկ 5 միլիոն բաթից (մոտ 150 հազար դոլար) բարձր մուտքերի դեպքում անհրաժեշտ կլինի հաստատել միջոցների ծագումը։

Հաղորդվում է, որ մոտ 1 TH/s հզորությամբ փոքր Bitaxe մայները միայնակ գտել է Bitcoin-ի №957382 բլոկը և ստացել ամբողջ պարգևատրումը՝ 3.1382 BTC (մոտ 200 հազար դոլար)։

Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել 504 անձի, որոնք, ըստ քննության, մասնակցել են 850 միլիոն դոլարի փողերի լվացման սխեմային՝ օգտագործելով կեղծ ընկերություններ, POS-տերմինալներ, փոխանակման կետեր և կրիպտոարժութային գործարքներ։

Հաքերները կոտրել են SpaceXAI-ի և Starlink-ի պաշտոնական X (նախկին Twitter) հաշիվները, գովազդել SCATMAN մեմ-թոքենը, ապա իրականացրել դասական rug pull խարդախություն։

7 տարի անգործուն մնացած Bitcoin դրամապանակը հանկարծ տեղափոխել է 2,931 BTC (մոտ 188 միլիոն դոլար) նոր հասցե։ Այդ բիթքոինները ձեռք էին բերվել այն ժամանակ, երբ Bitcoin-ի գինը կազմում էր ընդամենը 6,500 դոլար։

Կանխատեսվում է, որ մինչև 2033 թվականը ԱԲ-ի վրա հիմնված ֆրիլանսերներն ու փոքր ընկերությունները կայունարժույթների միջոցով տարեկան կարող են իրականացնել մինչև 262 միլիարդ դոլարի գործարքներ։

Microsoft-ը առաջին անգամ պաշտոնապես հաստատել է Windows-ում թաքնված նույնացուցիչի (identifier) առկայությունը, որը մշտապես նույնականացնում է համակարգի տվյալ տեղադրումը և չի կարող անջատվել՝ առանց ակտիվացման հետ կապված խնդիրների։

Strategy-ն անցած շաբաթ ոչ գնել է, ոչ էլ վաճառել Bitcoin, սակայն ընկերությունը լրացուցիչ ներգրավել է 466 միլիոն դոլարի ֆինանսավորում։

Չինաստանի դատախազները առաջարկել են կրիպտո-միքսերների, գաղտնիության վրա կենտրոնացած կրիպտոարժույթների (privacy coins) և խոշոր կասկածելի գործարքների օգտագործումը դիտարկել որպես փողերի լվացման մտադրության հնարավոր ցուցանիշներ։

ԱՄՆ կառավարությունը 30,007 ETH (մոտ 53 միլիոն դոլար) է փոխանցել Coinbase Primeհարթակ։

Այլ լեզուներ